ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի հայտարարության մեջ։
«Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել։ Այս առնչությամբ ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ հայտարարվածները», - գրել է Անի Բադալյանը X սոցցանցում։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երեկ՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Չնայած դրան, հրադադարի ձեռքբերումից մի քանի ժամ անց Հնդկաստանը հայտարարել է Պակիստանի կողմից պայմանավորվածության խախտման մասին։
Սակայն արդեն այսօր Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանի հետ սահմանին գտնվող Քաշմիրի հովտում գրեթե մեկ շաբաթվա մեջ առաջին անգամ գիշերը հանգիստ է անցել։