երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ֆակուլտետի դասախոսներ, հրավիրյալ անձինք, եվրոպական և միջազգային ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Տաղավարի բացումը պետություն-մասնավոր հաջողված համագործակցության հերթական օրինակ է:

Այն բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսակական աջակցությամբ:

Տաղավարի հանձնակատարն է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, իսկ համադրողը՝ Մարիաննա Կարապետյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ելույթի խոսքով և առանձնակի ընդգծել. «Վենետիկի բիենալեում Հայաստանի պաշտոնական մասնակցությունը նպատակ ունի և լավագույն հնարավորությունն է աշխարհին ցույց տալու, որ մենք եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք, և մեր ստեղծարար արվեստագիտական միտքը քայլում է համընթաց մշակութային ժառանգությունը պահպանելու, նորարար տեխնոլոգիաներ կիրառելու, արհեստական բանականության հնարավորությունները այդ ոլորտում կիրառելու եվրոպական սկզբունքներին։ Հայաստանի Հանրապետության կառվարությունը կարևորում է և նպաստում աշխարհի առաջատար մասնագիտական հարթակներում Հայաստանի ստեղծարար մտքի հանրահռչակմանը, միաժամանակ առաջարկում իր լուծումները մշակութային ժառանգության պահպանության, խեղաթյուրումները կանխելու վերաբերյալ»։

«Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագիծը թիմային աշխատանք է և ներառում է ճարտարապետների, հետազոտողների և տեխնոլոգների թիմ Electric Architects, TUMO Creative Technologies կենտրոնից, CALFA և MoNumEd կազմակերպություններից:

Նախագծում ընդգրկված արվեստագետներից են Սիփանա Չակերյանը և Չահան Վիդալ-Գորենը (CALFA / MoNumEd), Հուլե Քեչիչյանը, Պեգոր Փափազյանը և Մարի Լու Փափազյանը (ԹՈՒՄՈ), Արի Մելենսիանո և Բալենսիանո Վարելչանոն, և. Electric Architects-ի թիմը:

Նախագիծն ուսումնասիրում է մշակութային հիշողության սխալականությունը և փորձում է բացահայտել, թե ինչպես զարգացող տեխնոլոգիաները կարող են ընդլայնել ճարտարապետական հիշողության մեր ըմբռնումը՝ ստեղծելով մշակութային արտահայտման նոր, կենդանի ձևեր:

Տաղավարի հիմքում արհեստական ինտելեկտի գեներացնող մոդելն է:

Նախագծի գլխավոր նպատակն է հրավիրել այցելուներին մտորելու Արհեստական բանականության կողմից ձևավորված ճարտարապետական ապագայի և հավաքական հիշողության հարցերի շուրջ՝ խրախուսելով մտորումները այն մասին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան վերաիմաստավորել անցյալը և վերափոխել ապագան:

Նախագծի նպատակներից է նաև ցուցադրել և ընդգծել, որ սա միայն արխիվացման գործիք չէ, այլև մշակութային ժառանգության պահպանության ավանդական պատկերացումների վերանայման և մշակութային ժառանգության էությունը ուսումնասիրելու հնարավորություն։

Բիենալեն գործելու է մինչև նոյեմբերի 23-ը։

Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական և կրթական հանդիպումներ, որոնց կմասնակցեն Վենետիկի համալսարանի, ճարտարապետական քոլեջների և մասնագիտական այլ հաստատությունների ուսանողները:

  • Կիսվել: