Կոտրել են Վարդենիկ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքին տեղադրված տեսախցիկն ու պատուհանի երկշերտ ապակին
Օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Արմեն Ավետիսյանից, ով հայտնել է, որ գիշերը քարով հարվածել և կոտրել են Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի աշխատավայրի շենքի տեսախցիկն ու երկրորդ հարկի պատուհանի երկշերտ ապակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները և ըստ տեղեկությունների՝ նշված արարքը կատարելու կասկածանքով որոնվում է նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Բայանդուր Մ.-ն:
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին՝ վարույթ նախաձեռնելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Ավետիսյանը Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարն է: