հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄ

10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄ

Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի՝ 10 հազար ծաղկի ներմուծումը։ ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնեցին, որ վրացական անցակետ հասած 11 հազար ծաղկից միայն 700–ն է վերադարձվել Հայաստան, 10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա։

«Վրացական կողմը որևէ բացատրություն, որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, թե ինչու է արգելում այդ 700 ծաղկի մուտքը»,–հայտնեցին ՍԱՏՄ–ից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 6-ին, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հաղորդել էր, որ Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի՝ 10 հազար ծաղկի ներմուծումը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վրաց-հայկական սահմանին իրականացված ստուգումների ժամանակ վրացի մաքսավորները «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։

Նշենք, որ Հայաստանը Վրաստան ծաղիկներ մատակարարող երկրորդ խոշոր երկիրն է. միայն այս տարվա չորս ամիսների ընթացքում, ըստ վրացական աղբյուրների, Հայաստանից Վրաստան է ներմուծվել 1,3 մլն դոլարի ծաղիկ։

  • Կիսվել: