հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Խնդիր է դրված քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց. Մարուքյան

Խնդիր է դրված քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց. Մարուքյան

Գործընթաց, որից շահում է թշնամին. կուսակրոնության շուրջ ստեղծված աղմուկի ներքո չեզոքացվում է հայկական ամենահզոր լոբբիստական կառույցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության անկյունաքարն է, մեր ժողովրդի հոգևոր ուժի աղբյուրը։

Սակայն, հոգևոր արժեքից և նշանակությունից զատ, այն ունի նաև կարևորագույն աշխարհիկ դերակատարություն։

Այսօր մեր Եկեղեցին տիրապետում է հայկական ամենախոշոր լոբբիստական ցանցին, որը ծառայել և ծառայում է մեր պետական և ազգային շահերի պաշտպանությանը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հակազդում է Ադրբեջանին ամենուր՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կանգնած են մեր տաճարները։

Եկեղեցին է հոգեպես սնում Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին և ամրացնում, իսկ երբեմն նույնիսկ ստեղծում, նրանց կապը հայրենիքի հետ։

Սրանով էլ պայմանավորված, Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնելու տվյալ առանցքային գործառույթը իրականացնող ինստիտուտը, իսկ ՀՀ իշխանությունները մեծ եռանդով սպասարկում են թշնամու այդ օրակարգը։

Ադրբեջանի ծրագրով Հայաստանը պետք է վերածվի Արևմտյան Ադրբեջանի, իսկ Արևմտյան Ադրբեջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող իր այսօրվա ինստիտուցիոնալ տեսքով գոյության իրավունք ունենալ։

Այսպիսով, վերջին օրերին տեղի ունեցող գործընթացները ես չեմ դիտարկում որևէ բարձրաստիճան հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտման համատեքստում. խնդիր է դրված քանդել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իբրև համակարգ, որպես ամենամեծ հայկական լոբբիստական կառույց»։

  • Կիսվել: