կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայկ Մարությանը Երևանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ հանձնեց գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին

Հայկ Մարությանը Երևանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ հանձնեց գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը:

 
 
 

 

նկար

Կարևորելով վաստակավոր գործչի ներդրած նշանակալի ավանդը առողջապահական համակարգում, բժշկագիտության ոլորտում՝ քաղաքապետ Մարությանը քաջառողջություն ու անսպառ եռանդ է մաղթել նրան:

«Շնորհակալ ենք Ձեզ երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար և, որ կարևոր է, Դուք այսօր էլ նույն նվիրվածությամբ շարունակում եք Ձեր շնորհակալ առաքելությունը: Մեր ավագանու անդամների ու քաղաքացիների անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ»,- նշել է քաղաքապետը:

30-ից ավել բժշկական գիտությունների դոկտորների ու թեկնածուների ապագան կերտած, ինչպես նաև բազմաթիվ կյանքեր փրկած պրոֆեսորի համար Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն առավել քան պարտավորցենող է:

«Հարգարժան քաղաքի պատվավոր անդամ, դրանից բարձր կոչում մարդու համար չկա: Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց, ավելի պնդացրեց»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը:

 

նկար

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայսի 25-ի նիստին:

  • Կիսվել: