շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Ռուստամ Բաքոյան

Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Ռուստամ Բաքոյան

Գնահատելով Մերձավոր Արևելքի ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում՝ ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Ողջունելով իրաքցի գործընկերների այցը մեր երկիր՝ Ռուստամ Բաքոյանը կարևորել է նման քննարկումներն ու հանդիպումները, որոնց առանցքում երկու երկրների ընդհանուր շահերն են:

«Մեր երկրների համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնահատուկ դերակատարություն ունեն խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնց գործակցությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա հատկապես կարևորել է օրենսդիր մարմինների գործակցությունը տարբեր ձևաչափերում:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի խոսքով հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Սրան զուգահեռ՝ ակտիվ զարգանում են նաև տնտեսական և մշակութային կապերը: Տնտեսական կապերի զարգացման հարցում հայ և իրաքցի պատգամավորները կարևորել են «Ֆլայ Արնա» ավիաընկերության կողմից Բաղդադ-Երևան, Էրբիլ-Երևան չվերթերի գործարկումը, ինչը զարկ կտա և՛ զբոսաշրջությանը, և՛ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար, ինչը շատ փոքր թիվ է: Նրա կարծիքով՝ այս ոլորտում կա չիրացված ներուժ:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել բարենպաստ պայմաններ ստեղծել գործարար կապերի ակտիվացման համար:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին, որը ձգվում է արդեն 93 օր: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը և չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով վտանգված է Արցախի 120 հազար բնակչության անվտանգությունը: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողությունները նաև Հայաստանի ինքնիշխան պետության նկատմամբ` խաթարելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, ինչպես նաև բարեկամական խմբի մյուս անդամները կարևորել են հայ-իրաքյան բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ապահովման կարևորությունը:

Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի առկայությանը՝ Ռուստամ Բաքոյանն անհրաժեշտ է համարել, որ Իրաքի խորհրդարանում հայ համայնքն ունենա իր ներկայացուցիչը, ինչին կողմ են արտահայտվել նաև իրաքցի գործընկերները:

Մշակութային շփումներին անդրադառնալով՝ Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Ուտբան Ջամիլ Մանսուրը նշել է, որ Հայաստանի բուհերի բակալավրիատի կրթական ծրագրերով ուսանում է շուրջ 300 իրաքցի ուսանող, և ցանկություն կա ավելացնելու այդ թիվը, ինչպես նաև հնարավորություն ստանալ ուսանելու մագիստրոսական կրթական ծրագրերով:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքը: Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

  • Կիսվել: