ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատունը փակելու մասին լուրերն անհիմն են․ պարզաբանում

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատունը փակելու մասին լուրերն անհիմն են․ պարզաբանում

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը փակելու մասին շրջանառվող լուրերն անհիմն են, սա վստահեցնում են մանկական հիվանդանոցի տնօրինությունից: Թեև երբեմն տարածվող նման խոսակցությունների պատճառները բուժանձնակազմին ակնհայտ են։ Այն, որ  Գյումրիի երկու ծննդատները միավորելու տարբերակն այս պահին օրակարգում չէ, առողջապահության նախարարը հայտնեց, երբ աշխատանքային այցով Գյումրիում էր։

Մանկական հիվանդանոցի տնօրինությունն ունի միայն ենթադրություններ, թե երբ են փակվելու շուրջ խոսակցություններն ակտիվանում։

«Բաժանմունքը իր նույն ռիթմով շարունակում է աշխատանքը։ Պետք է պարզել, թե որտեղից է գալիս էդ խոսակցությունները և ինչի համար են։ Իրականությանը համապատասխանելու համար պետք է կառավարության որոշում լինի, մարզպետի որոշում  լինի ,նման խնդիրներ չկան, նման խոսակցություններ չկան»,- պարզաբանում է մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Մխիթար Մխիթարյանը։

Բաժանմունքը փակելու մասին խոսելու պատճառները մեկը չեն, բայց որ դրանք անհետևանք չեն մնում, խոստովանում են մասնագետները։ Դրանք որոշակի ազդեցություն են ունեցել ծնունդների թվի վրա՝ հանգեցնելով նվազման ցուցանիշի։

«Էս խոսակցություններն առանց հետևանք չէին կարող մնալ, որոշակի փոքր ազդեցություն ունեցել է, բայց  հաղթահարելի է: Մի 2 կամ 5 ամիս հետո կվերականգնվի ամեն ինչ, մենք էլի ունենալու ենք մեր բարձր թվերը»,- ասում է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը:

«Միջին թվով ծնունդ ենք ունենում օրական, հունվարի 12-ին ունեցել ենք 7 ծնունդ, 7 առողջ բալիկներ են ծնվել։ Բաժանմունքը բնականոն հունով  ընդունում է ծնունդներ, կատարվում են կեսարյան հատումներ, վիրահատություններ և հղիների հաշվառում»,- նշում է հիվանդանոցի  փոխտնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։

Բաժանմունքի նեղ մասնագետներից մի քանիսի տեղափոխությունը նույն պրոֆիլի այլ բուժհաստատություններ ևս հավանական պատճառներից են, ինչը ևս իր բացասական ազդեցությունն է ունեցել։ Բայց կարճ ժամանակում նոր մասնագետներով համալրում եղել է, մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունները դրանից չեն տուժել։

Ծննդաբերական բաժանմունքը մանկական հիվանդանոցում գործում է 2012 թվականից: Ծննդկաններին ու նորածիններին որոշակի բարդ պաթոլոգիաների դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով: Հիվանդանոցում գործում է երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման մարզում միակ  բաժանմունքը:

Անցած երկու շաբաթների ընթացքում հիվանդանոց երեխաների ու հղիների դիմելիությունն է ավելացել, ինչը պայմանավորված է նաև վիրուսային հիվանդությունների տարածվածությամբ։

Աղբյուրը՝ shantnews.am:

  • Կիսվել: