Գույքագրում ենք վնասները, որից հետո որոշումներ կլինեն. նախարարը՝ կարկուտից տուժած գյուղացիների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Հայաստանի տարածքում տեղացած կարկուտին, դրա հասցրած վնասներին ու կառավարության անելիքներին։
«Կարկուտը շատ մեծ վնասներ է տվել մեր գյուղատնտեսությանը, մասնավորապես Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում։ Ես նախորդիվ եղել եմ Արարատի մարզում, շաբաթ օրը ամբողջ օրը պլանավորված է, որ կլինեմ Արագածոտնի մարզում, մյուս բոլոր տեղերում, հիմա մեր աշխատանքային խմբերը մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվորեն աշխատանքի մեջ են, վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունվեն։ Կհասկանանք, ինչպես աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպին չվնասենք»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե արդյոք հակակարկտային կայաններ աշխատել են, քանի որ կան պնդումներ, որ դրանգ գործել են կարկուտից հետո միայն, նախարարն ասաց. «Հակակարգիտային կայաններն աշխատում են, բայց դրանց արդյունավետության մասով պետք է նշել, որ հետևյալ իրավիճակ է. Կան ամպեր, որոնց դեպքում այդ թնդանոթային համակարգերի արդյունավետությունը 100% չէ։ Կան ամպեր, որոնց դեպքում 100%-անոց է ու բազմաթիվ դեպքեր են լինում, որ իրենք փրկում են իրավիճակը։
Այո, կրակել են հակակարկտային կայանները կրակել են, բացի Արարատի մարզի մեկ բնակավայրից, որտեղ մասնագետների կարծիքով, պատասխանատուների ներկայացմամբ, շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի արդյունքում պրոբլեմ է առաջացել սարքի հետ և սարքը ըստ էության չի աշխատել։ Արարատի մարզի 1-2 գյուղում եղել է այդպիսի բան, բայց բայց դրա փոխարեն, օրինակ, կողքի 63 համակարգերը ամբողջությամբ աշխատել են»։
Խոսելով այդ կայանների արդյունավետության մասին, Գևորգ Պապոյանն ասաց. «Դրանք համակարգեր են, որոնք ունեն որոշակի սահմանափակ օգտակարություն։ Ավելի արդիական համակարգեր կան, դրանք հրթիռային համակարգերն են, որոնք ակնհայտորեն արդյունավետ են, բայց մեր երկրի աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական որոշակի առանձնահատկություններից ելնելով, այս պահին դա կիրառելը անհնար է։ Եթե անգամ ունենայինք դա, անհնար է կիրառել, որովհետև դրանք հրթիռներ են, որոնք իրենց տեսքով ու որևէ առանձնահատկությամբ, բացի մարտագլխիկից, ոչ մի բանով չեն տարբերվում մնացած մեծ հրթիռներից։ Դա օգտագործելու համար նախ պետք է դու ունենաս համաձայնագրեր քո բոլոր հարևան երկրների հետ»։
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ լուծում են առաջարկում քաղաքացիներին, նախարարը պատասխանեց. «Մենք ևս մեկ լուծում ենք առաջարկել, դա այն է որ հակակարկտային ցանցերը նախկինում միայն սահմանափակ համայնքներում էր պետությունը սուբսիդավորում, այսուհետ Հանրապետության բոլոր համայնքներում հակակարկտային ցանցի դեպքում, ծախսի 50%–ը պետությունը վերցնում է իր վրա»։