ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը
Ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կտանք թվային տիրույթում ունենալ նաև այս վկայագրերի թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Եթե կա Պարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման:
Սա նաև թույլ կտա մեզ՝ գնալու երկրորդ փուլի զարգացման ճանապարհով, որովհետև հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից»,- ասաց նախարարը:
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: