Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ. անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
«Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են մոտ 860 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության շուրջ 490 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 7 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։