հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Առաջին անգամ, երբ անձը վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից բացասական գնահատական է ստանում, թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունը, հաջորդ ամենասեղմ ժամկետը 1 շաբաթ անց վերահանձնելն է, բայց ունենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ քաղաքացիներից, որոնք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել, և դրա դիմաց ոչ թե 7 օր անց վերահանձնել քննությունը, այլ պայմանականորեն հաջորդ օրը, 3 կամ 4 օր հետո: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոլորտը կարգավորող հավելյալ հնարավորությունը:

«Ըստ այդմ՝ առաջարկում ենք 1-ին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն: Այն կկազմի 45 հազար ՀՀ դրամ: Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե անձը ոչ թե հաջորդ օրը ցանկություն ունի [քննություն հանձնելու], այլ 3-րդ օրը, ապա այս դեպքում անձը կրկին՝ էքստրավճարի տրամաբանության մեջ, ևս 30 հազար դրամ վճարելու պայմանով, կարող է ավելի սեղմ ժամկետում հանձնել քննությունը:

Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար: Այսինքն՝ ստանդարտ ժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք: Եթե անձը ցանկություն ունի և ունի հնարավորություն՝ հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս հնարավորությունը»,- ասաց նա:

Կա նաև 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձնման հնարավորություն: Այս դեպքում օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեղմ ժամկետը 1 ամիս անց վերահանձնումն է:

«Այստեղ ևս սահամանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ. երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում 7-րդ օրը քննությանը մասնակցելու հնարավորություն, և յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ այս դեպքում արդեն 14-րդ օրը, քննության մասնակցելու հնարավորություն»,- ասաց նախարարը:

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

  • Կիսվել: