Վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը. Հակոբ Արշակյան
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը: Պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ և միլիոնավոր դոլարներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար, ինչը շատ ողջունելի է: Աս մասին խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ դա վկայում է ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների կայացման մասին, ինչը ռազմավարական կարևորություն ունի ՀՀ-ի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում նոր ներուժի, նոր կադրերի ներգրավման համար:
«Այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են այդ աճը ապահովելուն»,- ասաց նա՝ հանդես գալով մի առաջարկով:
«Ցանկանում եմ առաջարկել, որպեսզի մենք ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկենք՝ կապված պաշտպանական ծախսերի հետ, այսինքն՝ առաջարկում եմ, որպեսզի ներմուծում և ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների շարունակականությունը, ինչպես նաև զարգացման շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով»,- պարզաբանեց ԱԺ նախագահի տեղակալը:
Նրա խոսքով՝ անկախ քաղաքական որոշումներից ու տարատեսակ փոփոխություններից՝ կարևոր է, որ ռազմարդյունաբերողներն իմանան, որ տարիներ շարունակ ունենալու են իրենց հատկացված բյուջեի մի կտորը, որը սահմաված կլինի իրավական փաստաթղթով: