Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սարսափում են ԱԺ-ի ամբիոնի մոտ կանգնելուց. Վահագն Ալեքսանյան
Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի ու կանգնեցնի այս Ազգային ժողովի առաջ, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից որևէ մեկը քաղաքական առումով ի վիճակի չէ կանգնել այս խորհրդարանի առաջ, պատասխանել հարցերին ու լսել ելույթներ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սարսափած են ԱԺ-ի ամբիոնի մոտ կանգնելուց:
«Եթե նրանք գտնում են, որ այդպես չէ, թող գան, կանգնեն, բայց իրենք չեն գա: Իրենց խմբակցությունները ի վիճակի են ստորագրությունները հավաքել ու իրենց ներկայացնել այս ամբիոնի առաջ»,- նշեց Ալեքսանյանը:
Ճշտող հարցին՝ ինչու են սարսափած նախկին նախագահները, պատգամավորը պարզաբանեց՝ քաղաքականությունից, պառլամենտարիզմից:
«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը մի բան է, ինքը՝ անձամբ, այլ բան: Ես ձեզ վստահեցնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը սարսափում է»,- ասաց նա:
Լրագրողները հարց ուղղեցին նաև երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հրմշտոցի վերաբերյալ՝ հետաքրքրվելով՝ ո՞րն է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ջղագրգիռ պահվածքի պատճառը, արդյոք նախօրեին իր հորն ու ընտանիքին պատկանող սեփականության շուրջ քննարկումնե՞րը:
Ալեքսանյանը պատասխանեց՝ դա պատճառներից ամենամեծն է եղել՝ որպես այդպիսին:
«Դա չի կարող այդպես չլինել, որովհետև գալ ու ԱԺ ամբիոնի առաջ ասել՝ դուք մեզ ասում էիք՝ մենք 4 միլիարդ ունենք, բայց մեզնից ընդամենը 200 միլիոն դոլար է պահանջվում այս պահի դրությամբ:
Կներեք, բայց սա ծիծաղելի է, վաղն էլ գալու են կանգնեն, ասեն՝ ասում էիք՝ Ռոբերտ Քոչարյանը սպանել է 30-40 մարդու, բայց պարզվում է՝ սպանել է ընդամենը 20-ին: Ա՞յս գիծն է շարունակվելու»,- ասաց պատգամավորը:
Հարցին ի պատասխան՝ խորհրդարանի երեկվա միջադեպը վկայո՞ւմ է արդյոք պառլամենտարիզմի մասին, Ալեքսանյանը նշեց. «Իհարկե՝ ոչ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի որդին պառլամենտարիզմի ցցուն օրինակ չի կարող հանդիսանալ»:
Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ելույթին, նկատեց՝ հաճախ ընդդիմադիր պատգամավորների սադրանքներին, լկտի պահվածքին ի պատասխան՝ իրենք, որպես մարդ, պահի տակ չեն կարողանում իրենց զսպել:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը երեկ ԱԺ նիստերի դահլիճում վիճեցին, այնուհետ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հրմշտոց սկսվեց: