ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

Գեղարքունիքի մարզում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 17-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:


Ժամը 01։50-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ վերհոնքային և ստորին շրթունքի շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են՝ վիրավորը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Համլետ Սարգսյանը։

Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանեկան արարողության ավարտին Ծովակ գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Վահե Հակոբյանը, 28-ամյա Ատոմ Հակոբյանը և 54-ամյա Գագիկ Հակոբյանը դեռևս անհայտ հանգամանքներում ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված Հ. Սարգսյանի թոռանը՝ Գուրգեն Սարգսյանին և որդուն՝ Համլետ Սարգսյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային բաժնից ուղարկվել են ոստիկանության Մարտունու բաժին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Մարտունու վարչական տարածքում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: