չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Գազպրոմ Արմենիան» ապաքաղաքական կառույց է՝ որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում. խոսնակը՝ Փաշինյանին

«Գազպրոմ Արմենիան» ապաքաղաքական կառույց է՝ որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում. խոսնակը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձոր կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ որոշ ընկերություններից տեղեկություններ են ստանում, որ նրանք իրենց աշխատակիցների վրա ճնշում են գործադրում կոնկրետ ուժի ընտրելու համար՝ այս համատեքստում նշելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունը։

168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի խոսնակ Միքայել Հարությունյանից գրավոր հարցմամբ հետաքրքրվել է, թե այս ամենը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որևէ ճնշում կա՞ իրենց աշխատակիցների նկատմամբ, որպեսզի կոնկրետ ուժի ընտրեն։ Նաև Մ. Հարությունյանից հետաքրքրվել էինք՝ Կառավարությունն ունի՞ լծակներ մասնավոր ընկերությունից որևէ աշխատակցի աշխատանքից հեռացնելու համար, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում, արդյո՞ք սրանով նա թիրախավորել է ընկերությանը։

Ի պատասխան գրավոր հարցման՝ Միքայել Հարությունյանը տվել էր հետևյալ կարճ պատասխանը. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապաքաղաքական կառույց է և որևէ ձևով ներգրավված չէ նախընտրական գործընթացներում»։

Ավելի վաղ,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը հայտարարել էր, որ պատրաստվում է  Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների առնչությամբ դիմել պատկան մարմիններին։

  • Կիսվել: