ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Foster+Partners հայտնի ճարտարապետական ընկերության պատվիրակությունը Երևանում է

Foster+Partners հայտնի ճարտարապետական ընկերության պատվիրակությունը Երևանում է

Քաղաքաշինության կոմիտում հյուրընկալել են Foster+Partners ճարտարապետական աշխարհահռչակ ընկերության պատվիրակությանը՝ World Trade Center Yerevan և Renshin Urban Investments կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահը։

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, հյուրերին ներկայացնելով կառույցի գործունեության ոլորտները, անդրադարձել է տարբեր ուղղություններով համագործակցելու հնարավորություններին․

«Մենք միշտ հպարտանում ենք հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրի ճարտարապետական, քաղաքաշինական ժառանգությամբ։ Միաժամանակ կարծում ենք, որ պետք է կարողանանք ոչ միայն անցյալով, այլև նորը ստեղծելով ներկայանալ աշխարհին։ Նորի ստեղծման ճանապարհին անհրաժեշտ և հետաքրքիր կլինեն միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերությունների, մասնագետների փորձն ու մեր երկրում կայուն ճարտարապետության, նոր տեխնոլոգիաների ներդրումը, միջավայրի ձևավորման ճկուն մեթոդների կիրառումը»։

Foster+Partners-ի պատասխանատուներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն նշել են, որ ուրախ կլինեն աշխարհում ճանաչում ունեցող ճարտարապետական ընկերության փորձը կիրառել Հայաստանում: Ըստ հյուրերի՝ Հայաստանը նոր շուկա է, որը փորձում են աստիճանաբար բացահայտել, իսկ առաջ շարժվելու համար կարևոր է հասկանալ երկրի մշակութը:

Արմեն Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին, ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրերի իրագործմանը:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպմանը մանրամասն քննարկել և գործնական հիմքի վրա դնել գործակցության հեռանկարները։

Հանդիպման ավարտին հյուրերն այցելել են Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ և ներկայացված ցուցադրության միջոցով ծանոթացել հայկական ճարտարապետության պատմությանը։

  • Կիսվել: