շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Երևանում 51-ամյա վարորդը Opel-ով Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 51-ամյա Արմեն Ավանեսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։  Դեպքի վայր են ժամանել նաև «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի աշխատակիցները, քանի որ վթարի հետևանքով կոտրվել է արտաքին լուսավորությունը։ 

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: