շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Chevrolet»-ը Երևանում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորներից մեկն ԱԳՆ աշխատակից է

«Chevrolet»-ը Երևանում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց. վիրավորներից մեկն ԱԳՆ աշխատակից է

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Տիգրան Սարգսյանը և Միքայել Յավրյանը։

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է, իսկ մյուսը՝ օտարերկրացի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված անցման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: