երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին. Մարագոս

ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին. Մարագոս

Հոգեկան առողջությանը նվիրված ԵՄ նոր նախաձեռնության մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին։
 
«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում հասանելի, ներառական հոգեկան առողջության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իրավական շրջանակի մշակմանը և մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալման փոփոխությանը։
 
2 միլիոն եվրո բյուջե ունեցող այս ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի գործընկերությամբ։
 
«ԵՄ-ն աջակցում է հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումներին՝ դիտարկելով հոգեկան առողջությունը որպես երկրի դիմակայունության կարևոր գործոն։ Հոգեկան առողջությունը մարդու իրավունք է, ԵՄ մոտեցումը դիտարկում է հոգեկան առողջությունը առողջապահական համատեքստից անդին՝ տեսնելով այն սերտորեն կապակցված կրթության, սոցիալական ծառայությունների, թվայնացման, զբաղվածության, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտների հետ։ Ուրախ ենք՝ տեսնելու Առողջապահության, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների մեծ հետաքրքրությունը և հանձնառությունը՝ համատեղ աշխատանք իրականացնելու Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի օրակարգային հարցերի ուղղությամբ»,- իր խոսքում ընդգծեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է 1lurer.am-ը:

  • Կիսվել: