հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վերջին տարիներին ջրաղբյուրների բնական նվազեցում է նկատվում. ՀԾԿՀ նախագահը՝ Եղեգիսի բնակիչների խնդրի մասին

Վերջին տարիներին ջրաղբյուրների բնական նվազեցում է նկատվում. ՀԾԿՀ նախագահը՝ Եղեգիսի բնակիչների խնդրի մասին

Եղեգիս համայնքի բնակիչները դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին՝ տեղեկացնելով, որ «Վեոլիա ջուրը» խմելու ջուրը լցնում է գետը՝ պատճառաբանելով, թե գյուղի համար նախատեսված է տրամադրել վայրկյանում 5 լիտր ջուր: Խնդրի մասին պատգամավորը բարձրաձայնեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ ոլորտի գործունեության մասին հաղորդման շրջանակում:

Բագրատյանը նկատեց՝ փաստն այն է, որ խմելու ջուր կա, և լցվում է գետը, և որ կառույցից ստացած պատասխանն իրեն չի բավարարել, ուստի դիմում է նաև ՀԾԿՀ նախագահին:

Մեսրոպ Մեսրոպյանը խոստացավ զբաղվել խնդրով, քանի որ կառույցի պարտավորությունների մեջ է մտնում հենց այդպիսի հարցերի ուսումնասիրությունը: Նա պատգամավորին խնդրեց հարցը գրավոր ներկայացնել, որպեսզի այն առավել մանրամասն ուսումնսասիրվի:

«Հանրապետությունում, իսկապես, ջրային ծավալների հետ կապված խնդիր կա, որովհետև արդեն վերջին տարիներին ջրաղբյուրների բնական նվազեցում է նկատվում: Այդ իսկ պատճառով ծագում են այդ խնդիրները: Դրան էլ գումարած՝ ունենք Երևանում և հարակից տարածքներում ակտիվ վերակառուցվող շրջաններ, կառուցապատվում են բնակեցման ենթակա տարածքներ, և նոր կառույցների համար նոր ջրագծեր կառուցելը, նոր ջրաղբյուրներ հավաքելն ունի նոր լուծումների պահանջ, ինչի հետևից «Վեոլիա ջուրը» գնում է»,- ասաց նա:

  • Կիսվել: