Պենտագոնը սահմանափակել է կոնգրեսականների հասանելիությունը Իրանի հետ պատերազմի մասին տեղեկությանը
ԱՄՆ Պենտագոնը սահմանափակել է ամերիկացի կոնգրեսականների հասանելիությունը Իրանի հետ հակամարտության ընթացքի վերաբերյալ տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The Atlantic ամսագիրը՝ հղում անելով պաշտոնյաներին և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ծառայողական գրությանը։
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերին դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին այցելել է Պարսից ծոցի տարածաշրջան և խնդրել այցելել Կատարում գտնվող «Ալ Ուդեյդ» ամերիկյան ավիաբազա կամ մասնակցել ճեպազրույցի՝ գնահատելու Իրանի հարվածների հետևանքով բազային հասցված վնասը։ Սակայն Պենտագոնը մերժել է նրա խնդրանքը։
Մոտավորապես նույն ժամանակ տարածաշրջան այցելած հանրապետական սենատոր Ջոնի Էռնստին նույնպես մերժել են ավիաբազա այցելելու թույլտվությունը։
«Սենատորները միակը չեն, որոնց մերժում են հասանելիությունը։ Պատերազմի սկզբում ամերիկացի զինվորականները պարբերաբար տեղեկություններ էին տրամադրում պատերազմի ընթացքի մասին, սակայն այդ տեղեկությունները խիստ ընտրովի էին։ Զինվորական պաշտոնյաները սահմանափակել են նաև պետական վերահսկողության պաշտոնական մարմիններին տրամադրվող տեղեկությունների բացահայտումը»,- գրում է պարբերականը։
The Atlantic-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը, հղում անելով «գործառնական անվտանգությանը», պարբերաբար մերժել է նաև հակամարտության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու՝ լրատվամիջոցների հարցումները։



