չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաայի հետ

Թրամփը հանդիպել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ալ-Շարաայի հետ

Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ռիադում՝ Թրամփի՝ Պարսից ծոցի մի քանի պետության ղեկավարների հետ նախատեսված բանակցություններից առաջ, հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։

DPA-ն գրում է, որ դա Միացյալ Նահանգների և Սիրիայի առաջնորդների առաջին հանդիպումն է վերջին 25 տարվա ընթացքում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը բանակցություններ է վարել Սիրիայի ղեկավար Հաֆեզ ալ-Ասադի հետ, իսկ դրանից առաջ նրանք հանդիպել են 1994 թվականին:

Մայիսի 12-ին The Times թերթը գրել էր, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ջիհադիստական ​​խմբավորման առաջնորդ ալ-Շարաան կոչ է արել Դոնալդ Թրամփին վերացնել իր երկրի նկատմամբ պատժամիջոցները՝ փոխարենը Միացյալ Նահանգների համար խոստանալով հասանելիություն Սիրիայի բնական պաշարներին:

  • Կիսվել: