Ձեր ձեռք բերած ապօրինի գույքը մուծվելու եք բյուջե, ձև չունեք. Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Ազգային ժողովի՝ մայիսի 14-ի նիստին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մեջբերեց օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրապարակումը, որն առնչվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց գույքային ու դրամական պահանջին, և այս համատեքստում, անդրադառնալով այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի վեճին, ԱԺ փոխնախագահը պարզաբանեց. «Հարգելի՛ գործընկերներ, վերջին շրջանի ԱԺ-ի այս իրավիճակները պայմանավորված են միայն սրանով»:
Խոսքն ուղղելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, ամոթ է: Ըստ դատախազության՝ Դուք ապօրինի կերպով ձեռք եք բերել այսքան գույք: Այլ կերպ ասած՝ ըստ դատախազության՝ Դուք թալանել եք այսքան գույք, դրա համար պատասխան տվեք Դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք այստեղ: Բոլորս ձեռքը կրակն ենք ընկել,- ասաց նա և հավելեց,- Ձեր ձեռք բերած ապօրինի գույքը մուծվելու եք բյուջե: Ձև չունեք, ոչ մի ձև չունեք»: