Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի, երբ որ իրեն դուրս կշպրտեմ, ցավոտ է լինելու. Լեւոն Քոչարյան
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ամեն գյուղ գնում եմ, ամեն տեղ գնում են, ասում են՝ ինչի՞ Քոչարյանը նստած չի. Դուք գիտե՞ք մեզ ինչ են ասում, որ ինչ-որ տեղեր ենք գնում, ասում են՝ էս անհայրենիք դավաճանները մինչև հիմա ո՞նց է՝ ազատության մեջ են, մի բան էլ շարունակում են իշխանության մնալ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, ԱԺ-ում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Բայց ի տարբերություն շատ ասածների, այստեղ Նիկոլ Փաշինյանի ասած մեջ ճշմարտություն կա, և դա ունի պատճառ։ Պատճառն այն է, որ տարիներ շարունակ շատ մեծ ստի դոզա է տարածվել ամբողջ հանրության վրա և շատ բաներ մտել է շատերի գլուխը։ Երբ ՔՊ խմբակցության ղեկավարն ասում է՝ մենք դրա հետ կապ չունենք, չէ, ունեք դուք կապ։ Նույն չորս միլիարդի հետ կապված, չգիտեմ, բանկեր, օդանավակայան, հանքեր, «Սպայկա», հիվանդանոց, ինչ սուտ ասես տարածվել է։ Ես չգիտեմ՝ մեր նորանկախ պատմության շրջանում ավելի շատ սուտ ու կեղծիք ու այսպես դեմոնիզացիա ինչ-որ մեկի հանդեպ ավելի իրականացվե՞լ է, քան մեր հետ կապված։
Ու դուք էիք դա տարածում, առաջինը այդ կեղծ նյութը արտատպել է Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը», հետո էլ հենց ինքը իր դատավարության ընթացքում դրա մասին բարձրաձայնում էր։
Հիմա դուք յոթ տարի է՝ իշխանության եք, պարզ է, ձեզնից պիտի հարցնեն, պիտի ասեն՝ այս–այս բաներն եք ասել, բա ի՞նչ եղավ։ Հիմա եթե վաղը մենք լինենք իշխանության, բա մեզ են նույն այդ հարցը տալու, եթե ձեր հետ հետ կապված գործողություններ չլինեն։
Իհարկե, պարկեշտ կլիներ, որ ընդունեիք, ասեիք՝ գիտեք, ժողովուրդ ջան, սխալվել ենք ինչ-որ հարցերում, ինչ-որ հարցերում էլ չափազանցածված է եղել այն, ինչ որ մենք պատկերացրել ենք կամ տարածել ենք։ Բայց ձեզնից պարկեշտություն ակնկալելը երևի միամիտություն կլինի»,–ասաց նա։
Անդրադառնալով իրենց ընտանիքի վերաբերյալ ապօրինի գույքի հետ կապված հայցին, Լևոն Քոչարյանն ասաց. «Ուզում եք ամեն անգամ կրկնեք սկզբից մինչև վերջ, վերջից սկիզբ, թվերը տարբեր ձևերով, դրանից էությունը չի փոխվում։ Այն, ինչ դուք տարիներով մարդկանց ներարկել եք, առնվազն 50-100 անգամ ավելի քիչ է, քան այն, ինչը փաստացի կա։ Իսկ փաստացի կա այն, ինչը մենք միշտ ասել ենք, մեր անունով է եղել, ոչ մի հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ գույք չկա։ Չկա գեթ մեկ լումա, որի օրինական բացատրությունը մենք չունենք։
Ասում են՝ ինչու են ապօրինի գույքի այս օրենքը վիճարկել ՍԴ-ում. Կան լուրջ խնդիրներ և ՍԴ-ի որոշումը հենց դրա մասին է խոսում։ Իհարկե, ձեր բռնազավթած ՍԴ-ն է, բայց նույնիսկ իրենք չեն կարողացել այս մասով ինչ-որ բաներ շրջանցել։
Ինչից խոսում ենք՝ ԱՆԻՖ–ը կլինի, Արցախը հանձնել կլինի, սահմանազատում կլինի, ասում են՝ իրենք դրանից խոսում են, որովհետև խնդիր ունեն իրենց ունեցվածքը պահելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ունեցվածք պահելու համար կամ պիտի խելոք վեր ընկնես տեղդ, փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կամ պիտի ամեն ինչ վաճառես, թողնես, գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ մյուսն ենք արել։ Իմիջիայլոց, նման բան անողներ եղել են, օրինակները բոլորիդ հայտնի է, մենք դա չենք արել, մեր խնդիրը դա չէ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա խոսեց նաեւ ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վիրավորանքներին. «Մեր ընդդիմադիր գործընկերներին նայելով, ասում է՝ համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր է՝ նայել եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից, Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի, երբ որ իրեն դուրս շպրտեմ այնտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ ա լինելու»։