Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատները դեռ փակ են պահում Տիգրան Մեծի պողոտան
Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարակից հատվածը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: Հարազատները նշում են, որ փողոցը փակել են իրենց պահանջի իրականացումն արագացնելու համար:
Նշենք, որ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ակցիայի մասնակից, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին: Հավաքված այլ հարազատներ ոստիկաններին կոչ էին անում նրան բերման չենթարկել, քանի որ նա վատառողջ է, կամ էլ բոլորին բերման ենթակել, քանի որ հավաքվածների պահանջը միեւնույնն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Սիմոնյանն ասում է, ո գերիներն իր համար արդեն չկան:
Նշենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ինքն ասում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն իր համար արդեն չկան, մոնտաժված է։