ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՆ տեղակալն ու պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են լիցենզավորման կարգին վերաբերող հարցեր

ԱՆ տեղակալն ու պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են լիցենզավորման կարգին վերաբերող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին` քննարկելու լիցենզավորման կարգը սահմանող կառավարության 2022 թվականի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սրտաբանական, մանկական սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սրտային վիրաբուժական և անոթային վիրաբուժական տեսակներով լիցենզավորված գործունեության իրականացման համար կառուցվածքային, գույքային, տեխնիկակա և մասնագիտական որակավորման պահանջները ենթարկվելու են փոփոխության ու լրացման:

Քննարկմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարության համապատասխան գծով խորհրդատուները: Բանավոր առաջարկներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ քննարկման մասնակիցները առողջապահության նախարարություն ներկայացնելու են գրավոր առաջարկներ:

Արդյունքում` փոփոխությունների նախագիծը պետք է ունենա կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման ժամանակի պահանջներին համապատասխան տեսք:

  • Կիսվել: