հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՆ-ն արձագանքել է Չարչյանի՝ ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալների հավաքագրման մասին հայտարարությանը

ԱՆ-ն արձագանքել է Չարչյանի՝ ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալների հավաքագրման մասին հայտարարությանը

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ առողջապահական կազմակերպությունների տնօրեններին հղած ուղերձին, որտեղ նա ասում է, թե «Որոշ պետական պաշտոնյաներ հիվանդանոցների տնօրեններին հրահանգել են հավաքագրել և իրենց տրամադրել ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները»:

Նախարարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ առողջապահական կազմակերպությունների տնօրեններին հղած ուղերձին, որտեղ նա ասում է, թե «Որոշ պետական պաշտոնյաներ հիվանդանոցների տնօրեններին հրահանգել են հավաքագրել և իրենց տրամադրել ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները», Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ անհիմն և անբովանդակ մեղադրանքներից, քանի որ ի ուրախություն բոլորիս՝ «հրահանգման» ժամանակներն անցյալում են, սակայն տարակուսելի է, որ լինելով բժշկական հաստատության ղեկավար՝ Արմեն Չարչյանը տեղյակ չէ, որ «Ընտրական օրենսգիրքով» բոլոր բժշկական կազմակերպությունները, անկախ սեփականության կամ ենթակայության ձևից, պետք է ապահովեն ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Վերոնշյալը մեկնաբանում ենք նաև օրենքով, ըստ այդմ, ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Վերոնշյալից հստակ է, որ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության համար օրենքի ուղղակի պահանջ է ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկությանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց վերաբերյալ սահմանված տվյալները լիազոր մարմին ներկայացնելը, հետևաբար պարզաբանման է ենթակա այն հանգամանքը, թե տվյալ գործառույթի իրականացման հակաօրինական որակելու հանագամանքն ինչով է հիմնավորված:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներն են, հետևաբար անձնագրային տվյալը բժշկական գաղտնիք համարվող տվյալների շարքին չի դասվում»:

 

  • Կիսվել: