երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը

Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ կոտրելով երթևեկությունը կարգավորող ցուցանակը

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Հայկ Սարգսյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 74-ամյա Մնացական Կուրղինյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Խաչատրյանը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վթարի մեջ վարորդները մեղադրում են միմյանց, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը «Nissan»-ի վարորդն է եղել, ով վթարային իրավիճակ է ստեղծել «Mitsubishi»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է: 

  • Կիսվել: