երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Կշարունակվեն գույքագրման աշխատանքները` Արթիկում և Գյումրիում քամու, կարկուտի հասցրած վնասների չափը հստակեցնելու նպատակով

Կշարունակվեն գույքագրման աշխատանքները` Արթիկում և Գյումրիում քամու, կարկուտի հասցրած վնասների չափը հստակեցնելու նպատակով

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր առավոտյան անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունն աշխատակազմի պատասխանատուների հետ։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
 
Խորհրդակցության ընթացքում մարզպետին զեկուցվել է նախորդ օրը արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքների մասին տվյալներ, անդրադարձ է կատարվել վերականգնողական աշխատանքների ընթացքին։
 
Խորհրդակցությունից հետո մարզպետը պատասխանատուների հետ շրջել է տուժած համայնքներում և բնակավայրերում։
 
Գյումրիում դիտարկվել են Շիրակացի փողոցի, Թբիլիսյան խճուղու բազմաբնակարան շենքերի տանիքներն ու թատերական հրապարակը, ինչպես նաև Գյումրու թիվ 27 դպրոցի կրած վնասները։
 
Պատասխանատուները այցելել են նաև Սելեկցիոն կայան, որի ցանքատարածությունները վնասվել են կարկտահարությունից։
 
Այնուհետև մարզպետը աշխատակազմի պատասխանատուների հետ մեկնել է Արթիկ համայնք։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ու համայնքապետարանի ներկայացուցիչների հետ դիտարկվել են Արթիկի կրած վնասները, Գետափ բնակավայրում էլ` տանիքների վնասման դեպքերն են գույքագրվել։
 
Մարզպետի հանձնարարությամբ ոլորտային մասնագետները կշարունակեն գույքագրման աշխատանքները` վնասների չափը հստակեցնելու, ամբողջական պատկեր ունենալու նպատակով։

  • Կիսվել: