ԱԻՆ-ը հերքում է հրավիրված հավաքի և «հակաիշխանական» աշխատակիցներին ազատման դիմում գրելու հրահանգի մասին լուրերը
Լրատվականներից մեկն այսօր մի հրապարակմամբ էր հանդես եկել, համաձայն որի ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ապրիլի 4-ին՝ ժամը 16։30-ին, հրատապ հավաք է հրավիրել և հակաիշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմումներ գրել։
ԱԻ նախարարությունը, անդրադառնալով նյութին, հայտնում է, որ տեղեկությունը կեղծ է․
«Newspress.am լրատվական կայքում «Արտակարգ իրավիճակների նախարարը «հականիկոլական» աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել. վերևից իջեցված հրամա՞ն» վերտառությամբ հրապարակումը ոչ միայն ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ, այլև զրպարտության և անձնական վիրավորանքի տիրույթում է, ունի քաղաքական ենթատեքստ:
Տեղեկացնում ենք, որ ԱԻ նախարարությունում նման «հավաք» տեղի չի ունեցել, իսկ այդպիսի հրահանգավորման մասին խոսք անգամ չէր կարող լինել, քանի որ նախարարությունը՝ որպես կիսաուժային կառույց, քաղաքականությունից զերծ է: