շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը միտումնավոր քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անարգել մուտքը ԼՂ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Ադրբեջանը միտումնավոր քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անարգել մուտքը ԼՂ. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար:

Անահիտ Ավանեսյանի ժնևյան ելույթն` ամբողջությամբ.

«Պատիվ և մեծ հաճույք է մասնակցել Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին: Կազմակերպության յոթանասունհինգ ամյակը լավ առիթ է անդրադառնալու կյանքի փրկելու և բոլորի համար առողջության խթանման առաջնային նպատակին հասնելու ուղղությամբ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացին և մարտահրավերներին: Որպես անդամ երկրներ՝ մենք վերջին տարիներին միասին բախվել ենք զգալի մարտահրավերների ինչպես ներքին, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված աջակցությունն ու համակարգումը այս տագնապալի ժամանակներում անգնահատելի են եղել մարտահրավերներին հավաքական արձագանք ապահովելու համար:

Այժմ մենք կարող ենք հպարտորեն հայտարարել, ինչպես այս ամսվա սկզբին հայտարարեց դոկտոր Թեդրոսը, որ COVID-19-ն այլևս չի հանդիսանում միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ: Բարձր եմ գնահատում մեր բոլորի կողմից համերաշխորեն գործադրված նշանակալի ջանքերը՝ այս ձեռքբերումը հնարավոր դարձնելու համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է զգոն մնանք, քանի որ շատ փորձագետներ զգուշացնում են մեզ ապագա հնարավոր մարտահրավերների մասին: Հետևաբար, մենք բարձր ենք գնահատում բոլոր անդամ-պետությունների և ԱՀԿ-ի ջանքերը՝ համաճարակի կանխարգելման, դրանց պատրաստվածության և առողջապահական համակարգերի արձագանքման համար կոնվենցիայի, միջազգային համաձայնագրի կամ այլ գործիքի մշակման գործում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս կարևոր գործընթացին, որի նպատակն է ձևավորել գործիք, որը մեզ հնարավորություն կտա ներդնել քաղած դասերը և ավելի լավ պատրաստված լինել հաջորդ մարտահրավերներին:

Քանի որ համաճարակը աստիճանաբար նահանջում է, մենք այժմ կարող ենք վերաուղղորդել մեր ուշադրությունը մեր առողջապահական համակարգերում առկա բացերն ու հետընթացները վերացնելու ուղղությամբ: Հպարտությամբ կարող եմ կիսվել, որ Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկում Առողջապահության համընդհանուր ծածկույթի հասնելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունն ընդունել է Համապարփակ առողջապահական ապահովագրության հայեցակարգը։ Մենք անհամբեր սպասում ենք այս կարևոր բարեփոխմանը, քանի որ այն հիմք է հանդիսանալու առողջապահական համակարգի այլ ընթացիկ բարեփոխումների համար, ինչպիսիք են Առողջապահական ծառայությունների որակի բարելավումը, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումը և թվային փոխակերպումը: Այս բոլոր նախաձեռնություններում մենք բարձր ենք գնահատում ԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցությունը և անգնահատելի փորձը:


Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանում առկա մարտահրավերների վրա, որոնք էական վտանգ են ներկայացնում ազդակիր բնակչության կյանքի իրավունքի և առողջության համար։

Արդեն վեց ամիս է, ինչ Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120,000 բնակիչ գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և բժշկական ծառայությունների պակասի պատճառ է դարձել։

Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար սկզբունքներին համապատասխան՝ այդպիսով զրկելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությունից։

Այս մարտահրավերների լույսի ներքո մենք մեծապես կարևորում ենք ԱՀԿ-ի ժամանակին և կոշտ արձագանքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ համաձայն իր մանդատի և Սահմանադրության, որտեղ հստակ ասվում է, որ «առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելը հիմնարար իրավունքներից մեկն է»։ «Բոլոր ժողովուրդների առողջությունը հիմնարար է խաղաղության և անվտանգության հասնելու համար և կախված է անհատների և պետությունների լիարժեք համագործակցությունից»:


  • Կիսվել: