շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են․ Գրիգորյան

ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են․ Գրիգորյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը դրական եզրակացություն ստացավ:

Լրագրողների հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների  կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպես կգնահատի Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունները գերեվարված զինծառայողների վերաբերյալ, արդյոք կանխակալ վերաբերմունք չի  ստեղծվում և չի ստացվում, որ նմանատիպ հայտարարություններով, օրինակ, Ալեն Սիմոնյանը, իրավապահների գործառույթ է իրականացնում գերիներին դասալիք անվանելով։

«Գերիների հետ կապված պարզաբանումներ եղել են, բայց մի բան պարզ է, որ որևէ կանխակալ ձևով չենք կարող որևէ բան ասել, բայց նաև իրավական պետություն ենք, իրավական գործընթացները պետք է գնան իրենց ընթացքով և տրվեն գնահատականներ, այդ գնահատականները տրվեն իրավապահ մարմինների կողմից՝ ըստ նախաքննության արդյունքների։ Մի բան պարզ է նաև, որ որպես պետություն, պետական իշխանություն ունենք պարտավորություն վերադարձնելու՝ չխնայելով որևէ ջանք հումանիտար հարցերն ապահովելու համար»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ կոնկրետ պատասխան են ակնկալում լսել, գերիների իրավունքները Ալեն Սիմոնյանի հայտարարությունից խախտվե՞լ են, թե ոչ, ՄԻՊ թեկնածուն, ասաց, որ հայտարարությանը գնահատական չի տալու։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք իշխանությունները քաղաքական են որակում, ինքը հետագայում ինչպես է վարվելու այս հացերի համատեքստում, Քրիստիննե Գրիգորյանն ասաց․

«ՄԻՊ պարոն Թաթոյանը շատ կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում, ներառյալ սահմանամերձ հատվածներում մարդկանց հումանիտար իրավունքների ապահովման, խախտումների արձանագրման, իրավունք խախտող ստեղծված ռիսկերի վերաբերյալ պաշտպանը շատ հստակ է  արտահայտվել, և ես վստահ եմ, որ պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ թե՛ ՏԻՄ մարմիններին, թե՛ իշխանությունների այլ մարմիններին»։

ՄԻՊ թեկնածուն ասաց, թե վստահ է, որ ՄԻՊ-ի հայտարարություններն ինքնանպատակ չեն արվում, դրանք վերջին միջոց են, նրա առաքելությունը խախտումներն արձանագրելն է, խախտված իրավունքները վերականգնելը։ Նա նաև նշեց, թե ինքը չի համարում, որ այսպիսի գործունեությունը քաղաքական է։ Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ այլ բան է, որ որոշ քաղաքական խմբերի կողմից կարող է փորձ արվել դա այդպես ներկայացնելու։ Նա նաև նշեց, որ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել։

  • Կիսվել: