Սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են նախագահին. սպասեք հաջորդ ողբերգությանը. Միկոյան
Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները: Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:
Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։



