Կոտայքում Opel Astra-ն մոտ 200 մետր գլորվել է և հայտնվել ձորում. 60–ամյա վարորդին պատգարակով դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ջրաբեր բնակավայրի վարչական տարածքում Երևանի բնակիչ 60-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած փրկարարները, տեղափոխվել է «Աբովյան բժշկական կենտրոն»։
Շտապօգնության բժիշկները ձորում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով մեծ դժվարությամբ վիրավորին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



