երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սոցիալական դժգոհություն Ադրբեջանում կա, բայց ընդդիմությունը չունի այն լիդերներին, որի հետևից հանրությունը կարող է գնալ. ադրբեջանագետ

Սոցիալական դժգոհություն Ադրբեջանում կա, բայց ընդդիմությունը չունի այն լիդերներին, որի հետևից հանրությունը կարող է գնալ. ադրբեջանագետ

Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին խոսվում է դեռ ամառվանից և այդ մասին ահազանգում էր ընդդիմությունը, PriemNews.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի (Խորհրդարանի) լիազորությունները վաղաժամ դադարեցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ երեկ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը` հանձնարարելով խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներին նման առաջարկով դիմել երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանագետի խոսքով, իշխանությունը փաստի առաջ է կանգնեցնում երկրի ընդդիմությանը՝ գնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Իշխանությունն այսպես արեց, որպեսզի ընդդիմությունը չհասցնի դիրքավորվել, միավորվել: Ընդդիմության համար հիմա ցայտնոտային իրավիճակ է ստեղծվում, քանի որ հիմա դեկտեմբերի վեջին ՏԻՄ ընտրություններ են Ադրբեջանում ու հիմա բոլոր ուժերը ընդդիմուևթյունը փորձում էր կենտրոնացնել այդ ճակատում: Ստացվում է, որ ընդամենը երեք ամիս անց լայն պայքարի ճակատ է բացվում նրանց առաջ», -ներկայացրեց Էլիբեգովան:

Առայժմ դժվար է ասել՝ ընդդիմությունը ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին և արդյոք կմասնակցի, թե՞ ոչ: Փորձագետի կանխատեսումներով, այս երկրում ընդդիմադիր դաշտում լուրջ գործընթացներ են սպասվում և դրանք այժմ սկսվել են՝ բողոքի ակցիաներ են ու դրանց մասնակցող ընդդիմադիրներին ձերբակալում են:

«Եթե թույլ տրվի ընդդիմությանը մասնակցել ընտրական գործընթացներին, ապա դա նոմինալ արդյունք կունենա: Սոցիալական բողոք այդ երկրում կա, բայց միևնույնն է, ընդդիմությունն այս պահին չունի այն լիդերներին, որի հետևից ժողովուրդը կարող է գնալ։ Ժողովուրդը նոր երիտասարդ, թարմ դեմքեր է ուզում տեսնել ընդդիմության շարքերում և ոչ թե 18-30 տարի ընդդիմադիրի կերպարով հանրությանը խոստում տվողների», - նշեց Էլիբեգովան:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ադրբեջանագետը նկատեց, որ վերջինը արդեն երեք տարի ակտիվ ներևքին ու արտաքին քաղաքական գործունեություն է ծավալում: Դա, ըստ Էլիբեգովայի, նպաստում է, որ հանրության ընկալումներում դիտվի որպես քաղաքական գործիչ:

«Այդուհանդերձ, իրատեսական չէ, որ նա վաղը կարող է դառնալ երկրի նախագահ, քանի որ հանրությունը դեռ պատրաստ չէ ունենալ կին նախագահ, իրենց անհրաժեշտ է քարոզչական մեխանիզմներով հանրությանը պատրաստել այդ պրոցեսին: Ես տեսնում եմ այդ նախապատրաստական աշխատանքները, այլ ոչ թե իշխանության փոխանցման բուն պրոցեսը», -նշեց նա:

  • Կիսվել: