Քաթարն ու Հորդանանը ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը
Քաթարն ու Հորդանանը ողջունել են Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը։
Մասնավորապես՝ Քաթարի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Իրենք սա համարում են կարևոր քայլ՝ երկու պետությունների ստեղծմանն աջակցելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար։
Քաթարի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և վերադառնալ քաղաքական ճանապարհին՝ որպես տարածաշրջանում կայունության հասնելու միակ երաշխիք։
Բացի այդ՝ Քաթարը հույս է հայտնել, որ Պաղեստինը ճանաչող երկրների թիվը կավելանա։
Իր հերթին Հորդանանի Արտաքին գործերի և օտարերկրացիների գործերով նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ ողջունելով Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին Հայաստանի որոշումը և նշելով, որ դա կարևոր քայլ է, որը փաստում է միջազգային իրավունքի և միջազգային օրինականության համապատասխան բանաձևերի պահպանումը Հայաստանի կողմից։
Նախարարության խոսնակ Սուֆիան Ալ-Քուդան վերահաստատել է իր բարձր երախտագիտությունը Հայաստանի ընդունած որոշմանը և ըստ 1967 թվականին ընդունված սկզբունքների՝ պաղեստինյան ժողովրդի ազատության և անկախ, ինքնիշխան պետության իրավունքի աջակցությունը նրա կողմից՝ հիմնված երկու պետությունների ստեծման որոշման վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը ողջունել են Արաբական պետությունների լիգան, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղարը, ՀԱՄԱՍ-ը, Պաղեստինի նախագահի աշխատակազմը, Թուրքիան:
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են. ՛՛Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա՛՛: