շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մոռացել են, որ վարչապետից զանգ էին ստանում՝ հեռախոսի առաջ զգաստ կանգնում, համազգեստն էին ուղղում, նոր պատասխանում. Արեն Մկրտչյան

Մոռացել են, որ վարչապետից զանգ էին ստանում՝ հեռախոսի առաջ զգաստ կանգնում, համազգեստն էին ուղղում, նոր պատասխանում. Արեն Մկրտչյան

Այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը իր ելույթը վերնագրեց «Տուն-թանգարանների ու տուն- խոզանոցների մասին»:

«Երեկ պարզվեց, որ Շուշին ու Հադրութը հետ բերելու ավտոբուսից ուշացած ուղևոր կար․ ով սպիտակ լաթը բերել էր դահլիճ՝ ասում էր՝ էս դուք եք»,- մեջբերեց պատգամավորի խոսքը Արեն Մկրտչյանը և կոչ արեց՝ դրա փոխարեն պահածոյի դատարկ բանկա բերեք դահլիճ, որով քսան տարի խրամատ եք կահավորել ու ասել, որ տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է։

«Այդ դրոշներն էլ հանեք, տեղը սատկած առյուծ քշելու նկարներ տեղադրեք։ Այս թևի ավտոբուսը, ընդհանրապես, իսկապես ուրախ ավտոբուս է։ Այս թևի ավտոբուսի առաջին համարը ժամանակին քրեական գործ է հարուցել նախընտրական ցուցակի երկրորդ համարի վրա, խուզարկել 11-րդ համարի տունը, ինքն էլ քրեական գործով է անցնում»,- ասաց նա:

Արեն Մկրտչյանը նշեց, որ Ազատության հրապարակում վարչապետի հրաժարական են պահանջում, բայց մոռացել են, որ իրենց պաշտոնավարման ժամանակ վարչապետից զանգ էին ստանում՝ հեռախոսի առաջ զգաստ կանգնում, համազգեստն էին ուղղում, նոր պատասխանում՝ ծնկների խնձորակները չխչխկացնելով լարվածությունից։

«Զեկուցելուց հետո էլ անջատում էին ու հեռախոսի առաջ երեք անգամ  «ուռա՜» բացականչում։ Ամոթ ձեզ, «Պատիվ ունեմ», ես էլ Նելսոն Մանդելան եմ այդ պարագայում»,- ասաց նա և նշեց, որ առավելագույնը, որ անում են, դա մադրկանց զրպարտելն է:

«Ասում են՝ զրպարտում ենք, մտեք դատարան։ Ես այս մարդկանց հետ վերելակ չեմ ուզում մտնել ԱԺ-ում, ի՞նչ դատարանի մասին է խոսքը։ Իրենց օրակարգի պես բացակա են, էդ դրոշներն էլ հանեք  ու տեղը Բադեն-Բադենի դրոշ կախեք»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իշխանություններ կան՝ նախորդներից տուն-թանգարաններ են ժառանգություն ստանում, իշխանություններ էլ կան՝ տուն-խոզանոցներ: «Մենք հարյուրավոր քարուքանդ, վթարային դպրոցներ ենք ժառանգություն ստացել, այդ դպրոցների կողքը շատ բարեկարգ վիլլաներ են ծլել, անգամ ամենահեռու գյուղերում, ու երբ հարցնում ես ումն է, ասում են պատգամավոր է եղել, մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, ժեկի պետ, ժեկի պետի չայ դնող, չայ դնողի թան սարքող»,- ասաց նա:

  • Կիսվել: