հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր. այն հնարավորություն կընձեռի Կառավարությանն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր մշակել:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, առաջարկություններ չեն ստացվել:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացումը և փոփոխությունը ևս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պաշտպանել տեղական շուկան, մետաղաձուլական ընկերությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող լրացումները և փոփոխությունը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Նախագծի հիմնական նպատակն է ապահովել ճգնաժամային իրավիճակներում հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահի կողմից վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցներ կիրառելու հնարավորությունը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ լրամշակված փաթեթը համալրվել է Կառավարության առաջարկներով և երկու նոր նախագծով. դրանք «Սնանկության մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում առաջարկվող նոր կանոնակարգումներն են: Վլադիմիր Վարդանյանը երկու տեխնիկական առաջարկ է ներկայացրել:

Պատգամավորները հարցուպատասխանի և ելույթների ձևաչափում անդրադարձել են էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի լիցենզավորված կազմակերպությունների իրավունքներին, առաջարկվող կարգավորումների ընդունման նպատակահարմարությանը, հաճախակի հոսանքազրկումներին, ՀԷՑ-ի ազգայնացման պարագայում հնարավոր թանկացումներին, «Հայաստանի էլեկտրական ցանցերում» կառավարման առկա խնդիրներին, «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» աշխատանքին: Կարևորվել է պետության վերահսկողությունը ռազմավարական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն էլ կարծիք են հայտնել, որ ՀԷՑ-ի ազգայնացումը քաղաքական նպատակ ունի, խոսել գործընթացի ռիսկերի մասին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ՀԷՑ-ից դժգոհությունները նոր չեն, և այդ մասին կազմակերպությունը մշտապես տեղյակ է եղել:

Վլադիմիր Վարդանյանը եզրափակիչ ելույթում արձանագրել է, որ այս նախագիծը տարածվում է էներգետիկայի ոլորտի կարևորագույն կառույցների վրա և ընդգծել, որ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման հարցում պետությունը պետք է ունենա որոշիչ դերակատարում:

Հանձնաժողովը քվեարկության արդյունքում մերժել է «Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական փաթեթը շրջանառությունից հանելու վերաբերյալ առաջարկը: Դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը համալրվել է «Սնանկության մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքների նախագծերով: Ընդունվել են նաև Կառավարության առաջարկները: 

 

  • Կիսվել: