ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծն ընդունվեց

Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծն ընդունվեց

«Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ 57 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ 0 արդյունքով ընդունվել է: 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության և սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»:

Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ հայտարարության նախագիծն ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր համատեքստում արված հայտարարություն է: Հանձնաժողովի նախագահը կոչ է արել նախագծին տալ դրական եզրակացություն:

Հայտարարության նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է:

  • Կիսվել: