հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեր անձնական, վախերը, ձեր անձնական պարտությունը թոկի պես պարտադրում եք  հայ ժողովրդին. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

Ձեր անձնական, վախերը, ձեր անձնական պարտությունը թոկի պես պարտադրում եք հայ ժողովրդին. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, երեկ պովոդոկի հայերեն համարժեքն էիք փնտրում. դա թոկ-ն է  մանավանդ ձեր խոսքի համատեքստում, և դա Հայաստանի  և մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական, խեղված պատկերացումներն ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ թոկ-ի պես պարտադրում եք  հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական Հայաստանները: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու ձեր համոզումը ցեղասպանական հանգրվան ունեցավ, ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի պատմական ճակատագիրը փոխելու ձեր փրկչական  առաքելությունը ինչ նոր ողբերգության կհանգեցնի: Պառակտեցիք և  հակադրեցիք հնարավոր ամեն բան. անգամ Հայաստանը Հայաստանին:

Հիմա, երբ պատերազմի սպառնալիքն ավելի քան իրական  է, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից   երաշխիքները զրոյական, ես  խոսելու եմ մեկ՝ ԿԳՄՍ տիրույթներից։

«Մենք դպրոց կառուցել չգիտենք», երեկ հայտարարեց  Փաշինյանը, համաձայն եմ։ «Դուք նույնիսկ ձեր համար բրենդային դարձրած ասֆալտ փռել  չգիտեք», ավելացնում եմ ես։ Եվ այսպիսի իրականության մեջ հավակնում եք «Ակադեմիական քաղաք»  կառուցել։

«Մշակվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, մեկնարկել են գլխավոր հատակագծի  մշակման աշխատանքները», փաստում է կատարողականը:

Հարց եմ բարձրացրել՝ անվտանգային կոլապսի, հարաճուն արտաքին պարտքի պայմաններում սա  ի՞նչ առաջնահերթություն է,  ի՞նչ հիմնավորում է ընկած այդ գաղափարի տակ, ովքե՞ր են պատվիրատուները»,-ասաց նա:

Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, որ օրերս ԳԱԱ ընդհանուր ժողովն էր, որտեղ բոլոր բանախոսները՝ միաձայն հաստատում էին, որ դա հարկադրանք է, չունի իրավական և գիտական հիմք,  բուհական և ակադեմիական համակարգը քանդելու և շենքերի զավթման  կործանարար գործընթաց է։

«Լավ, բա դուք ո՞ւմ հետ եք քննարկել այս ծրագիրը, եթե ընդվզում են բուհերն ու Ակադեմիան։ Միթե կարելի է կաբինետում նստած ինչ-ոչ մեկի հիվանդագին երևակայության արդյունքը պրոյեկտել  տասնամյակների ժառանգության վրա, կեղծ և մտացածին հաստատումներով վարկաբեկել և մի ամբողջ բուհական և ակադեմիական համակարգ»:

Նրա խոսքով, չհիմնավորված համառության, ամենաթողության, գիտական հանրությանն ու Հայ Առաքելական եկեղեցուն արհամարհելու ցցուն օրինակ է նաև 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։

«Պատմագիտական գրեթե ողջ հանրույթը, հարյուրից ավելի ինստիտուցիոնալ գիտնականներ 150-ից ավելի գիտական անճշտություններ ու խեղաթյուրումներ են փաստում, առաջարկում շրջանառությունից հանել դասագիրքը, որը գրվել է ոչ Հայոց պատմության մասնագետի կողմից և խմբագրվել նրա կնոջ կողմից։ Բայց միևնույն է՝ հենվելով մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափի ու նախօրոք որդեգրված «գնացեք հաշտվեք» վարքագծի վրա, դասագիրքը մնում է շրջանառության մեջ։ Եթե չեմ սխալվում այս խոտանը 30 մլն դրամ է արժեցել:

Սա դասագրքային միակ ականդալը չէ։ Հիշեցնեմ, որ Հանրապետության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիները` հանրակրթության սովորողների գրեթե մեկ քառորդը, ուսումնական տարին սկսեց առանց դասագրքերի։ Այս դասարաններում ներդրվել է ռուսերենի և ֆրանսերենի նոր չափորոշիչ, սակայն նոր դասագրքեր չեն տպագրվել»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով կամավոր ատեստացիայի խնդրին, նա նշեց. «3 տարում   ատեստավորվել է ուսուցիչների մոտ 10 տոկոսը /3549/, որոնց 6 տոկոսն է 400 000 ստանում՝ ներառյալ հարկերը, 60 տոկոսի աշխատավարձը մինչև 150 000 է, 35-ինը՝  մինչև՝ 250 000։ Ատեստացիան գուցե անհրաժեշտ գործիք է մրցակցության տեսանկյունից, բայց, եթե իրապես շահագրգիռ ենք որակյալ մանկավարժական կադրերով, ապա վերատեսության պետք է ենթարկել ուսուցիչների բազային աշխատավարձը։

2018-ին դուք հայտարարում էիք, որ «Մանդատ եք ստացել կրթական համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթներն ու շահերը»։ Անհերքելի է Ավինյանի քարոզարշավին մանկավարժական տասնյակ կոլեկտիվների մասնակցությանը, բուհերից ևընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների բացահայտ զտումը։ Որոշներն այս դահլիճում են»,- հայտարարեց նա:

  • Կիսվել: