Պետության գործառույթն է ապահովել արդար ու մրցակցային բիզնես միջավայր. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկման օրակարգում էին ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։
Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում փոփոխությունների անհրաժեշտությանը։
Իր խոսքում նախարարը նշել է․ «Պետության գործառույթն է ապահովել արդար ու մրցակցային բիզնես միջավայր։ Երբ կա առողջ մրցակցություն, շահում է սպառողը։ Մեր նպատակն է կատարել փոփոխություններ, որոնք կդարձնեն մրցակցությունն ավելի թափանցիկ, արդյունավետ ու նպաստավոր բոլորի համար»։
Նախարարը ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը հանձնարարել է քննարկված հարցերի վերաբերյալ ՄՊՀ-ի հետ համատեղ մշակել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն ոլորտում առավել հստակեցված կարգավորումների ապահովմանը։