երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները

ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: Այդ մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջում:

«Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել:

Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, ընտանեկան բռնություններին, խոսքի ազատությանը, ատելության խոսքի տարածմանը վերաբերելի հարցերին:

Պաշտպանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:


Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ:

Լիլիթ Աղեկյանի ազգականները Պաշտպանին ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները:

Անահիտ Մանասյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Լիլիթ Աղեկյանին:

Դեպքի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ մանդատի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործողություններ: Արդյունքների հետ կապված ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային:

Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ:

Երիտասարդներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը պատասխանել է ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի կարևորությունը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկելու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև Անահիտ Մանասյանը քոլեջի տարածքում անվանական ծառ է տնկել։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հյուրընկալել է նաև Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին, որոնք Պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 12-ին այցելել էին Գյումրու իլյուզիաների թանգարան:

Երեխաները Պաշտպանին ներկայացրել են հետաքրքիր օրվա մանրամասները, կիսվել իրենց տպավորություններով:

  • Կիսվել: