երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սվաջյանը մասնակցել է «Էրազմուս+» ծրագրի CB4WBL նախագծի շրջանակում մշակված նյութերի փորձագիտական քննարկմանը

Սվաջյանը մասնակցել է «Էրազմուս+» ծրագրի CB4WBL նախագծի շրջանակում մշակված նյութերի փորձագիտական քննարկմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագծի շրջանակում մշակված նյութերի փորձագիտական քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնում (ՄԿՈՒԶԱԿ) հրավիրված քննարկմանը ներկա են եղել կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ:

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական և պորտուգալական փորձի տեղայնացմամբ Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ստեղծել արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։

Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենջմենթ» մասնագիտությունների մոդուլային ծրագրերը։

Կարևորելով ծրագրի տեղայնացումը և Հայաստանում ՄԿՈՒ ոլորտի զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է. «Գյուղատնտեսությունը պետության կողմից գերակա ճանաչված ոլորտ է, և նախորդ տարի ընդունելության աճի տարբերությունը շատ նկատելի էր: Վստահ եմ՝ տարեցտարի ցուցանիշներն ավելի կբարելավվեն: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ կարևոր է նաև ոլորտի զարգացման նպատակով ստեղծված կառույցների, ինչպես նաև հաստատությունների հզորացումը։ Այս ծրագիրը զարգացնում է նոր կարողություններ՝ հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության ոլորտում կրթությունը կազմակերպել բարձր արդյունավետությամբ՝ հիմքում ունենալով Ֆրանսիայի և Պորտուգալիայի փորձի ուսումնասիրությունը»:

Արաքսիա Սվաջյանը հիշատակել է գյուղատնտեսության ոլորտում մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ ՄԱՎԵՏԱ ծրագիրը, որը, ըստ նրա, բավականին հաջողված է: «Մեր առաջնային խնդիրն է, սակայն, հաջողված ծրագրերի ավարտից հետո մտածել ինստիտուցիոնալ հիմքերի ներդրման մասին, որպեսզի զարգանան աշխատանքի վրա հիմնված ուսուցման տարբեր մոդելներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հանդիպմանը ներկայացվել են նախագծի ներկա ընթացքը և ձեռք բերված հիմնական արդյունքները, մասնավորապես՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության արդյունավետ կազմակերպման նպատակով ՄԿՈՒ հաստատությանը կից ձեռնարկության գործունեության, դասավանդման բարելավման, տնտեսական և իրավական բաղադրիչները։

Քննարկման արդյունքում գյուղատնտեսական մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից արված դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի կառնվեն Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին կից ֆերմայում ուսանողների ուսումնառության և տնտեսական գործունեության կազմակերպման, իրավական կարգավիճակի փաթեթի ամբողջացման, ինչպես նաև 2025 թ․ սեպտեմբերին նախատեսված պիլոտային ծրագրի ներդրման ժամանակ։

  • Կիսվել: