Թրամփը չի բացառել, որ կարող է մեկնել Թուրքիա՝ ներկա լինելու ռուս-ուկրաինական բանակցություններին. աղբյուր
Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպումը կարող է լավ արդյունքների հանգեցնել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ակնարկելով, որ ինքն էլ կարող է ներկա լինել բանակցություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադար հաստատել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ «վերջնագրերի լեզուն» անընդունելի է Ռուսաստանի համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ մայիսի 12-ից Ռուսաստանից հրադադար է ակնկալում և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին։
Զելենսկու հայտարարությանը նախորդել էր Թրամփի պահանջը, որ Կիևն անհապաղ համաձայնի Ռուսաստանի հետ բանակցություններին։ «Համենայնդեպս, կկարողանան որոշել՝ արդյոք գործարքը հնարավոր է, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ-ն կիմանան, թե ինչպիսի իրավիճակ է և կգործեն համապատասխանաբար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Պուտինը մերժել էր Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների՝ նոր, անվերապահ 30-օրյա հրադադար հայտարարելու պահանջը, որը Զելենսկին և նրա գործընկերները պնդել են որպես բանակցությունների պայման: Փոխարենը՝ Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ Ստամբուլում՝ մայիսի 15-ին: