ԱՆ պարզաբանումը՝ «Փորձում էին պարտադրել, որ ստորագրեմ 87 մլն դրամի խախտման ակտի տակ» վերտառությամբ հարցազրույցի վերաբերյալ
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել «Hetq TV»-ի «Փորձում էին պարտադրել, որ ստորագրեմ 87 մլն դրամի խախտման ակտի տակ» վերտառությամբ հարցազրույցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Hetq TV»-ի «Փորձում էին պարտադրել, որ ստորագրեմ 87 մլն դրամի խախտման ակտի տակ» վերտառությամբ հարցազրույցում ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը մի շարք ստահոդ և մանիպուլացնող պնդումներ է արել, որի վերաբերյալ հայտնում ենք․
1․ Սահմանված կարգով առողջապահության նախարարության կողմից կազմված հանձնաժողովների միջոցով պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ որևէ հիմնարկում, այդ թվում` Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, մշտադիտարկումներ իրականացնելուց հետո կազմված նախնական եզրակացությունները վերջնական «դատավճիռ» չեն, ինչպես երբեմն եղել է նախկինում:
Պայմանագրի մյուս կողմը` այս դեպքում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, ունեցել է լայն հնրավորություն պարզաբանումներ, հիմնավորումներ, առարկություններ ու լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու։
Քննարկման արդյունքում, հաշվի առնելով վերը նշված պարզաբանումները, հիմնավորումները` ավարտական եզրակացության մեջ փոփոխություններ են եղել, ինչը աշխատանքային նորմալ պրոցես է: Այս գործընթացից հետո է միայն ստորագրվում փաստաթուղթ, որի կետերի հետ համաձայն են երկու կողմն էլ: Այս տրամաբանության շրջանակում է ընթացել ՀՀ ԱՆ Կախվածությանունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրենի կողմից բազմիցս չարչրկված «ստուգումները»:
Նազինյանի կողմից «անօրինական» համարվող թեման անցել է իրավական գործընթացով` ՊՎԾ, Հակակոռուպցիոն կոմիտե, և քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայութունը հաստատված լինելու հիմքով։
Ի վերջո, որևէ «ստուգման» արդյունք բողոքարկելի է դատական կարգով և ինչպես յուրաքանչյուր անձ, Նազինյանը նույնպես ուներ այդ իրավունքը:
2.Ինչ վերաբերում է մեթադոնային բուժմանը, ապա պետությունը կարևորելով բուժման այդ տարբերակը, պետական հոգածության տակ է առել` ֆինանսավորելով ծրագիրը, իրականացրել դեղաձևի փոփոխություն. դեղահաբից հեղուկ անցումը իրականացվել է առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և համաձայնությամբ:
Դեղը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով` գնումների ընթացակարգի համաձայն`բաց մրցույթով:
Տարեկան շուրջ 650 պացիենտի անվճար տրամադրվում է այս դեղը. սա Առողջապահության նախարարության ձեռքբերումն է և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքը:
3. Նազինյանի կողմից տարբեր հարթակներում բարձրաձայնվում է, թե իբր առողջապահության նախարարությունը Բուպրենորֆինի հետ կապված ուսումնասիրություն ու կլինիկական փորձարկում է պարտադրել:
Առողջապահության նախարարության քաղաքականությունն է նպաստել ՀՀ-ում նոր գրանցում ստացած և ստացող դեղերի կլինիկական փորձարկումներին, իհարկե, օրենքով սահմանված կարգով:
Տարակուսելի է, որ նոր ծրագրերի խոչընդոտումը ներկայացվում է որպես բուժկենտրոնի զարգացում, իրականում` այն խիստ բացասական ազդեցություն է թողել կենտրոնի առաջընթացի վրա, ինչպես նաև` պացիենտներին զրկել բուժման նոր հնարավորություններից:
Հայտնում ենք, որ նախկին տնօրենի կողմից չարչրկված թեմայում նախարությունը հանդես է եկել միայն մասնագիտական համայնքին հարթակ տրամադրողի և քննարկումներ կազմակերպողի դիրքից:
Այս քննարկումներին մասնակցել է նախկին տնօրենը` իր մասնագիտական թիմով:
Ինչպես նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 30-ին տված ճեպազրույցում հայտարարել է, այսօր էլ վերահաստատում ենք, որ պատրաստակամ ենք լրատվամիջոցների մեր գործընկերներին վերոնշյալ և այս թեմայով այլ շահարկումների վերաբերյալ պատասխանել գրավոր` հղումներով և անհրաժեշտ փաստաթղթեր կցելով:
Սոցիալական մեդիայում Սուրեն Նազինյանի կողմից հնչող մարդու բարի համբավն արատավորող ու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կստանան իրավական գնահատական»: