Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ. Սաղաթելյան
Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով, և այս ճանապարհով հաջողության կարող ենք հասնել բացառությամբ մի դեպքում՝ համաժողովրդական լայն ճնշման միջոցով: Այս մասի այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի ԱԺ–ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները դե ֆակտո ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։
Բացի այդ, ըստ Սաղաթելյանի, պաշտոնանկության համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր և վարչապետի թեկնածու։
՛՛Երբ մենք 36 ստորագրությունն ապահովենք, գործընթացը տևելու է 48-72 ժամ։ Այդ 72 ժամում մեզ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ 24-ժամյա ռեժիմով։ Ընդամենը 72 ժամ։ Եվ մենք այդ երեք օրվա ընթացքում ժողովրդի կամքը թելադրելով. ժողովրդի թեկնածուին ներկայացնելով՝ միասին հեռացնելու ենք այս իշխանությանը՛՛,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ գործընթացը չեն սկսելու զուտ սկսելու համար, քանի որ եթե հաջողության չհասնեն, ապա այդ գործիքակազմից օգտվել կկարողանան վեց ամիս հետո միայն։
Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղվանից սկսում են նոր նախաձեռնություն. ՛՛Բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ՝ երկու հիմնական ուղղությամբ՝ շարժմանը նոր ուժ հաղորդել և քննարկել ՛՛Հայաստանը Նիկոլից հետո՛՛ զարգացման ծրագիրը: