հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սա անկեղծ զեկույց պետք է լիներ, ոչ թե թիթեռնիկներ և ոսկե զարդեր նկարել. Արթուր Խաչատրյանը՝ Թունյանին

Սա անկեղծ զեկույց պետք է լիներ, ոչ թե թիթեռնիկներ և ոսկե զարդեր նկարել. Արթուր Խաչատրյանը՝ Թունյանին

Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023 թվականի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ: Այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«2022-ի համեմատ, որտեղ բանկային հմակարգով ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմում էր ներհոսքի մոտ 50 տոկոսը,  2023-ին այդ թիվն էականորեն նվազել է՝ 30-35 տոկոսի կարգի է, իսկ այս տարվա հունվարին՝ 20 տոկոս: Արդյոք դրան անդրադարձ չպետք է լիներ:

Երրորդը, 2023 թվականի նոյեմբերին 2023-ի հոկտեմբերի համեմատ ոսկերչական արտադրանքի ծավալի աճը 13,5 անգամ է եղել: Արդֆյոք այս տնտեսական ֆենոմենին պետք է այս փաստաթղթում անդրադարձ չլիներ: Դա լուրջ խնդիր է, եւ այս խնդիրներին զեկույցում անդրադարձ չկա»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա և կարելի է, ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել, այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7 % տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։

Թունյանի խոսքով, եթե Խաչատրյանի բոլոր հարցերը 2023 թվականի կառավարության կատարողականի զեկույցում ներառվեր, ապա այն ծավալուն կլիներ և ոչ մեկը չէր կարդա։

«Ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետեւ ստեղծվել է տնտեսական հնարավորություն եւ անցած տարվա վերջերից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը: Ես եղել եմ տեղում եւ կարող եմ ասել, որ այդտեղ մենք ոչ թե թվանկարչության հետ գործ  ունենք, այլ ռեալ արտադրության հետ»,-ասաց Թունյանը:

Սրան Արթուր Խաչատրյանն արձագանքեց, որ տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ և դրանք պետք է ներառվեին հաշվետվության մեջ. «Դրամի զուտ ներհոսքը նվազել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայաստանում, հիմա գալիս է՝ բարևում ու գնում է: Ոսկերչականի մասով, եթե ձեր ասածը ճշմարտություն լիներ, եթե 7 տոկոսը հասցրել են 100 տոկոսի, հասկանում եք, չէ՞, ինչքան հիմնական միջոցների ներդրում պետք է լիներ: Այդ ոսկերիչներին որտեղի՞ց գտանք, որ 14 անգամ արտադրությունը մեծացել է: Եվ ոնց եղավ, որ ոսկերչական իրերի ներմուծումն ու արտահանումը այդքան մեծացավ: Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկներ և ոսկե զարդեր նկարնել»։

Բաբկեն Թունյանն առաջարկեց, որ ոսկերչական տվյալ ընկերությունը հայտում «Հայաստան» խմբակցության պատգամավորների համար այց կազմակերպի եւ ներկայացնի, թե ինչ ներդրումներ են արել, ինչպես է ստացվել, որ արտադրությունն աճել է:

  • Կիսվել: