կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
186 մլրդ-ը պահուստներում քնացնելը չի նշանակո՞ւմ, որ կառավարությունը չգիտի ինչպես ծախսել. Արթուր Խաչատրյան

186 մլրդ-ը պահուստներում քնացնելը չի նշանակո՞ւմ, որ կառավարությունը չգիտի ինչպես ծախսել. Արթուր Խաչատրյան

186 մլրդ դրամ քնացնելն արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը պարտք է վերցնում, հարկերն է ավելացնում, տուրքերն է ավելացնում,  ժողովրդին սարքում է տուգանքի մատերյալ և տուգանքն է ավեալցնում, բայց չի իմանում թե ինչպես ծախսել այդ գումարները և քնացնում է պահուստային ֆոնդի վրա: Այս մասին այսօր ԱԺ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը մի քանի նիստ առաջ էր եկել ԱԺ և, բյուջեի տողերում փոփոխություններ անելով, պահուստային ֆոնդը 3%-ից ավելացրել էր 6%։

Պատգամավորը նաև հայտնեց, որ ՀՀ-ի արտաքին պարտքը հաջորդ տարի ավելանալու է, մինչդեռ նախարարը հայտարարում է, թե չի ավելանալու։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ներկայացված տարբերակում պահուստի մակարդակը 94 մլրդ դրամ էր։

«Մենք այն ժամանակ էլ ասացինք, որ երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ծրագրեր, հիմա նախատեսել ենք 47 մլրդ դոլարի չափով և ասել ենք, որ այն ծրագրերը, որոնք չենք հասցնի մշակել, կնախատեսենք պահուստում և  այնտեղից կտրամադրենք։ Հիմա դուք ի՞նչ եք ուզում, ուզո՞ւմ եք, որ մենք բաշխեինք անհասկանալի ուղղություններով՝ հետո վերցնեինք տանեինք այնտե՞ղ»։

Ինչ վերաբերում է պարտքին, նախարարը հայտնեց, թե ինքն ասել է, որ պարտքը չի աճի առաջին ընթերցմամբ քննարկված բյուջեի տարբերակի համեմատ:

«Թեև դեֆիցիտն աճում է 1.4 %-ով,  այն հավելյալ պարտքային բեռ չի ստեղծելու մեր համար, որովհետև դրանք այն գումարների հաշվին են տեղի ունեցել, որոնք մենք որպես վարկ տրամադրում էինք Լեռնային Ղարաբաղին»,-հայտնեց Հովհաննիսյանը:

Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց. «Եթե պահուստային ֆոնդը մեծացել է, նշանակում է՝ չգիտեք ինչպես  բաշխեք գումարները, նույնիսկ եթե ունեք լավ նպատակներ»։

  • Կիսվել: