կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մենք ակնկալում ենք, որ մյուս տարվա տնտեսական աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում. Մարտին Գալստյան

Մենք ակնկալում ենք, որ մյուս տարվա տնտեսական աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում. Մարտին Գալստյան

Կարևոր ենք համարում 2023 թվականին հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացմանն ու հարկային ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Անդրադառնալով տնտեսական աճի՝ Կենտրոնական բանկի կանխատեսումներին, նա ասաց. «Տնտեսական աճի հետ կապված վերջին կանխատեսումը, որ արել էինք, դա 12, 9 տոկոս տնտեսական աճն էր այս տարվա համար: Մեր կանխատեսումների համաձայն՝ մյուս տարվա համար տնտեսական աճի ցուցանիշը կլինի մի փոքր ցածր, քան կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է, մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5 տոկոսի շրջանակներում, քանի որ այս տարվա աճն է բավականին բարձր եղել, որոշակի կաշխատեն կոմպենսացիոն մեխանիզմներ»,- ասաց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ ոչ միայն իրենք, այլ նաև միջազգային փորձագետները ևս կարծում են, որ ստեղծված իրավիճակում միակ արդյունավետ քաղաքականությունը թե՛ հարկաբյուջետային, թե՛ դրամավարկային քաղաքականությունների զուսպ լինելն է և կոորդինացումը, քանի որ այն մարտահրավերը, որը գնաճի տեսքով կա աշխարհում, բացառապես մի իշխանության միջոցներով հաղթահարելը գրեթե անհնար է:

  • Կիսվել: